All կատարող
Տիգրան Բերկելյանը Անուշ Նիկողոսյանը

Տիգրան Բերկելյանը Անուշ Նիկողոսյանը

Տիգրան Բերկելյանը ծնվել է 1988թ. Նիժնի Նովգորոդում (Ռուսաստան)։ Յոթ տարեկանից սկսել է ստանալ երաժշտական կրթություն նախ Երևանի Քուշնարյանի անվան երաժշտական դպրոցում, ապա՝ Չայկովսկու անվան երաժշտական տասնամյա դպրոցում Մարգարիտա Հակոբյանի դասարանում: 2006 թվականին շարունակել է ուսումը Կոմիտասի անվան պետական կոնսերվատորիայում` Իգոր Յավրյանի ղեկավարությամբ։ ԵՊԿ-ն ավարտելուց հետո ընդունվել է Կրիստիանսանդ քաղաքի (Նորվեգիա) Ագդերի (UiA) համալսարանի մագիստրատուրա։

Վարպետության դասեր է առել Յուրի Հայրապետյանից, Էշլի Վոսից, Մարիաննա Շիրինյանից, Ստեֆան Կովաչևիչից, Այնար Նեքլբերգից։

Դաշնակահարը 10-ից ավելի միջազգային մրցույթների և փառատոնների, այդ թվում՝ Գրիգի անվան հեղինակավոր միջազգային մրցույթի (Նորվեգիա) դափնեկիր է։ Որպես մենակատար և կամերային երաժիշտ հանդես է եկել Հայաստանում, Ռուսաստանում, Հունաստանում, Իսրայելում և Նորվեգիայում։

Ներկայումս դասավանդում է Չայկովսկու անվան երաժշտական դպրոցում։ Մշակութային աջակցության պետական ծրագրի շրջանակներում և կանադական Ատգեն Արմենյան Հիմնադրամի աջակցությամբ վարպետության դասեր է անցկացնում Հայաստանի բազմաթիվ մարզերում:

Մասնակցություն մրցույթներին և փառատոններին

2014 — Գրիգի անվան միջազգային մրցույթի (Նորվեգիա) 3-րդ մրցանակ
2012 — մասնակցություն Էյլաթի (Իսրայել) կամերային երաժշտության միջազգային փառատոնին
2010 — մասնակցություն Կամերային երաժշտության միջազգային փառատոնին Սալոնիկում (Հունաստան)
2010 — Հեղինե Տեր-Ղևոնդյանի անվան նվագակցողների II մրցույթի 1-ին մրցանակ և հատուկ պարգև
2009 — Գ. Սարաջևի անվան VI դաշնամուրային մրցույթի 2-րդ մրցանակ
2008- 1-ին մրցանակ խոշոր ծավալի ստեղծագործությունների լավագույն կատարման համար
2007- մասնակցություն «Կամար Արտ» ժամանակակից և ավանդական արվեստի փառատոնին
2004 — Վլադիմիր Հորովիցի հիշատակին նվիրված երիտասարդ կատարողների մրցույթի 2-րդ մրցանակ
2002 — երիտասարդ կատարողների հանրապետական մրցույթի 2-րդ մրցանակ

Անուշ Նիկողոսյանը ջութակի առաջին դասերը ստացել է հինգ տարեկանում։ Այնուհետև սովորել է հայ ականավոր ուսուցիչ Պետրոս Հայկազյանի մոտ, իսկ հետագայում՝ Երևանի Կոմիտասի անվան պետական կոնսերվատորիայում։ Մի քանի տարի ուսանել է Հայաստանի ազգային ֆիլհարմոնիկ նվագախմբի գլխավոր դիրիժոր Էդուարդ Թոփչյանի մոտ։ Մյունխենի երաժշտության և թատրոնի բարձրագույն դպրոցում սովորել է պրոֆեսոր Քրիստոֆ Պոպենի դասարանում։

Անուշ Նիկողոսյանը համերգներով բազմիցս հանդես է եկել գերմանական Զաարբրյուքենի ռադիոյի և հեռուստատեսության, Հայաստանի պետական ֆիլհարմոնիկ, Նոյսի կամերային ակադեմիայի, Մորավիայի ֆիլհարմոնիկ, Հայաստանի պետական կամերային, Լիտվայի պետական ֆիլհարմոնիկ և այլ նվագախմբերի հետ։

Անուշը ջութակի մի շարք միջազգային մրցույթների հաղթող է։ 2010 թվականին Ավստրիայում կայացած «Kärntner Sparkasse Wörthersee» միջազգային մրցույթում արժանացել է 1-ին մրցանակի։

2013 թվականից Անուշ Նիկողոսյանը նվագում է Գվադանինիի (Guadagnini) կերտած ջութակով, իսկ 2015 թվականի մայիսին տեղի է ունեցել նրա բեմելը Լոս Անջելեսի (ԱՄՆ) Walt Disney համերգասրահում։ Որպես մենակատար՝ Անուշը հյուրախաղերով հանդես է եկել տարբեր համերգներով Հայաստանում, Գերմանիայում, Լիտվայում, Ռուսաստանում, Մեծ Բրիտանիայում, Արաբական Միացյալ Էմիրություններում, Սիրիայում, Չինաստանում, Վրաստանում, Իտալիայում, Ֆրանսիայում, Չեխիայում, Իսրայելում, Նիդեռլանդներում, ԱՄՆ-ում, Սլովակիայում, Լեհաստանում և Ավստրիայում.

Տիգրան Բերկելյանը Անուշ Նիկողոսյանը — Համերգներ

Մեր գործընկերները
  • eventhub